Հիվանդություններ

Բեխտերևի Հիվանդություն ( անշարժացնող սպոնդիլոարթրիտ)

Bechterew’s disease
Բեխտերևի հիվանդությունը կամ անշարժացնող սպոնդիլոարթրիտը ողնաշարի հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որ առաջացնում է հոդերի սերտաճում և շարժումների աստիճանաբար զարգացող սահմանափակումներ (անկիլոզ):
Բեխտերևի հիվանդությունը հենաշարժական համակարգի ամենատարածված հիվանդություններից մեկն է հանդիսանում: Առավելապես ախտահարվում է ողնաշարը (միջողնային հոդերը):

 

Հիվանդության ընթացքում բորբոքային գործընթացը հոդային հյուսվածքների հետ միասին ախտահարում է նաև ջլերը, կապանները, հոդերի ձուսպաթաղանթները ոսկրային հյուսվածքները: Այդպիսով, Բեխտերևի հիվանդությունը համակարգային հիվանդություն է հանդիսանում, ինչն էլ ենթադրում է բուժման համալիր մոտեցում:

ԲԵԽՏԵՐԵՎԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Բեխտերևի հիվանդության բուժման հիմնական ուղղությունները.

մկանային ջղակծկումների վերացում,
արյան շրջանառության և մկանային հյուսվածքների սնուցման բարելավում,
բորբոքային գործընթացի վերացում,
հոդային հյուսվածքների վերականգնման խթանում,
ֆիզիկական ակտիվության բարելավում,
շնչառական համակարգի աշխատանքի բարելավում,
քրոնիկական վարակիչ հիվանդությունների բուժում,
իմունային բալանսի վերականգնում:

Բեխտերևի հիվանդության բուժումը ենթադրում է ռեֆլեքսոթերապիայի և ֆիզիոթերապիայի մեթոդների համալիր կիրառում:
Բեխտերևի հիվանդության բոլոր դեպքերում բուժումն անհատականորեն է նշանակվում և հիմնական պրոցեդուրաներին զուգահեռ կարող է ներառել նաև այլ պրոցեդուրաներ:

ԲԵԽՏԵՐԵՎԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

հիվանդության զարգացման դանդաղում,
ձևախախտումների նվազեցում կամ վերացում և նոր առաջացող ձևախախտումների կանխարգելում,
մկանային ուժի և տոնուսի մեծացում,
մկանային ցավերի վերացում,
ողնաշարի և հոդերի շարժունակության բարելավում,
շնչառության բարելավում, թոքերի աշխատանքային ծավալի մեծացում,
օրգանիզմի ընդհանուր առողջացում,
ֆիզիկական աշխատունակության և կյանքի որակի բարձրացում:

ԲԵԽՏԵՐԵՎԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՈՒՄԸ
Բեխտերևի հիվանդության ժամանակին և ճիշտ ընտրված բուժումը կարևոր է ոչ միայն ախտանիշները վերացնելու համար, այլ նաև հիվանդության հետևյալ բարդացումները կանխարգելելու համար.

հոդերի սերտաճում և անշարժացում (անկիլոզ),
սրտի և պսակային զարկերակների ախտահարում,
ամիլոիդոզի ֆոնին երիկամային անբավարարության զարգացում,
թոքերի հիվանդություններ, տուբերկուլյոզ:

Բեխտերևի հիվանդության բուժման գլխավոր խնդիրն է հանդիսանում ողնաշարի մկանների շարժունակության բարելավումը, հոդերում կաշկանդվածության նվազեցում, շարժողական ակտիվության բարձրացում:
Ռեֆլեքսոթերապիայի և ֆիզիոթերապիայի մեթոդների կիրառմամբ Բեխտերևի հիվանդության բուժման արդյունավետությունը զգալիորեն բաձրանում է բուժական ֆիզկուլտուրայի հետ համատեղելու արդյունքում: Այդպիսի բուժումը նշանակվում է անհատականորեն՝ կախված հիվանդության բնույթից, զարգացման փուլից, բարդացումների առկայությունից և օրգանիզմի անհատական առանձնահատկություններից:

ԲԵԽՏԵՐԵՎԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ
Որպես կանոն, Բեխտերևի հիվանդությունն առաջանում է երիտասարդ տղամարդկանց մոտ (մինչև 30 տարեկան): Անչափ կարևոր է ուշադրություն դարձնել հիվանդության արդեն առաջին նախանշաններին, որպեսզի հնարավոր լինի ժամանակին սկսել բուժումը և կանխարգելել բարդացումների առաջացումը:
Բեխտերևի հիվանդության վաղ ախտանիշները, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել.

Մշտական բնույթի ցավեր ողնաշարի գոտկային հատվածում,
Գոտկատեղից դեպի նստատեղ և ոտքեր ճառագայթող ցավեր, որոնք ուժեղանում են վաղ առավոտյան,
Կաշկանդվածություն, դժվարաշարժություն և ողնաշարի ցավեր (կրծքավանդակի շրջանում),
Ցավեր գարշապարի հատվածում:

Բեխտերևի հիվանդության ախտանիշները կախված են բորբոքային գործընթացի տեղայնացումից:
Բեխտերևի հիվանդության ախտանիշները ողնաշարային հոդերի ախտահարման դեպքում. կաշկանդվածություն և ողնաշարի ցավեր, պրոգրեսիվ կուզիկություն մինչև ողնաշարի վերջնական կորացում (կիֆոզ), ցավային զգացումներ և ողնաշարի մկանների լարվածություն, ողնաշարի սահմանափակ շարժունակություն:
Բեխտերևի հիվանդության ախտանիշները վերջույթների հոդերի ախտահարման դեպքում. ցավեր և կաշկանդվածություն հոդերում (կոնքազդրային, ուսային, արմունկային, սրունքաթաթային, ծնկային), որոնք ուժգնանում են վաղ առավոտյան և առավոտյան ժամերին, փոքր հոդերի բորբոքում և ուռածություն (հազվադեպ):
Սրբոսկրային հոդերի բորբոքման դեպքում Բեխտերևի հիվանդությունը դրսևորվում է նստատեղի սուր ցավերով:
Բեխտերևի հիվանդության հնարավոր ուղեկցող ախտանիշները. սրտի ռիթմի խանգարում, սրտի մկանների բորբոքում (միոկարդիտ), աչքերի բորբոքում, երիկամների գործունեության խանգարումներ և երիկամային անբավարարության զարգացում: